Վիդեոմշակման դասընթացներ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում

2019թ․ նոյեմբերի 1-ին մեկնարկեց Adobe After Effects վիդեոմշակման ծրագրի դասընթացը «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Դասընթացի շնորհիվ մասնակիցը ձեռք կբերի գիտելիքներ վիդեոնյութերի խմբագրման, գովազդային և տեսային հոլովակների ստեղծման մասին, ինչպես նաև կսովորի կիրառել դրանք տիտրերում, անիմացիաներում և այնտեղ, որտեղ անհարաժեշտ են թվային վիդեոէֆեկտներ:

«Նախկինում մասնակցել եմ  Adobe Premiere Pro ծրագրի դասընթացին և ուրախ եմ, որ ծրագիրը շարունակական է։ Շնորհակալություն եմ հայտնում ՀԱԼԵՊ ՀԿ-ին և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին՝ ընձեռնված հնարավորության համար: Ապագայում նպատակ ունեմ սեփական գործունեությունս ծավալել ՏՏ ոլորտում, իսկ այս դասընթացն օգնում է բարելավվել գիտելիքներս և հասնել իմ նպատակին»,- նշում է դասընթացի մասնակից Հրագ Բեբեջյանը:

Դասընթացներն անցկացվում են «Էյ Ջի Էյջ» ուսումնական կենտրոնում՝ սիրիահայ մեկ երիտասարդի մասնակցությամբ։

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի նպատակն է բարելավվել սիրիահայ երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում և հնարավորություն տալ՝ հասնելու իրենց աշխատանքային նպատակներին: